Ապատեղեկատվություն և ճշմարտություններ կորոնավիրուսի մասին (COVID-19)

COVID-19 պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. COVID-19 պատվաստանյութերը վտանգավոր են և լուրջ բացասական ազդեցություն են ունեցել արտերկրում պատվաստում ստացողների վրա:

ՓԱՍՏ. Թերապևտիկ ապրանքների վարչությունը հաստատում է պատվաստանյութերի օգտագործումը Ավստրալիայում: Բոլոր պատվաստանյութերը մանրակրկիտ ստուգվում են անվտանգության համար՝ նախքան Ավստրալիայում օգտագործումը հաստատելը: Սա ներառում է կլինիկական փորձարկումների տվյալների, բաղադրիչների, քիմիական կառուցվածքի, արտադրության և այլ գործոնների մանրակրկիտ վերլուծություն: COVID-19 պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել TGA-ի կայքում՝ https://www.tga.gov.au/covid-19-vaccines:

COVID-19 պատվաստանյութերի յուրաքանչյուր խմբաքանակը գնահատելուց բացի, Թերապևտիկ ապրանքների վարչությունը վերահսկում է պատվաստումների անվտանգությունը Ավստրալիա մատակարարելուց հետո: Ավստրալիայի կառավարությունը նաև ուշադիր հետևում է արտերկրում իրականացվող պատվաստումների ծրագրերին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Նորվեգիայում: Միասին, այս տեղեկատվությունը կօգնի ապահովել, որ ավստրալացիները ունենան անվտանգ և արդյունավետ COVID-19 պատվաստանյութ:

Եթե պատվաստանյութից կողմնակի ազդեցություն ունենաք, դիմեք առողջապահական մասնագետի օգնությանը և տեղեկացրեք (report it) TGA-ին (1300 134 237):

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Պատվաստանյութի բացասական կողմնակի ազդեցություններից ավելի շատ մարդ կմահանա, քան COVID-19-ից:

ՓԱՍՏ. Ցանկացած պատվաստանյութ կարող է առաջացնել որոշ մեղմ կողմնակի ազդեցություններ: Պատվաստանյութերից առաջացած հիմնական կողմնակի ազդեցություններն են որոշակի ցավոտություն, կարմրություն կամ այտուցվածություն այն վայրում, որտեղ դուք ներարկում եք ստացել, գլխացավ կամ մեղմ ջերմություն և հոգնածություն: Դրանց մեծ մասը կարող է կառավարվել որոշակի մեղմ ցավազրկող դեղորայքով և սա անհանգստության պատճառ չպետք է լինի:

Թերապևտիկ ապրանքների վարչությունը՝ Ավստրալիայի դեղորայքի կարգավորիչը, չի հաստատի այն պատվաստանյութը, որն անվտանգ և արդյունավետ չէ: Այն, ինչը նրանք շատ ուշադիր դիտարկում են, ծանր կողմնակի ազդեցություններն են:

Ավստրալիան աշխարհում հաստատման լավագույն գործընթացներից մեկն ունի, և ցանկացած դեղամիջոց, որը կարող է լուրջ բացասական կողմնակի ազդեցություններ առաջացնել, չի հաստատվի այս երկրում: TGA-ի աշխատանքը չի սահմանափակվում միայն հաստատումով: Նրանք նաև ուշադիր հետևում են արտերկրից եկող տվյալներին և այստեղ տարածմանը: Ոչինչ չի մնում պատահականությանը:

Եթե դուք պատվաստանյութից կողմնակի ազդեցություն ունենաք, դիմեք առողջապահական մասնագետի օգնությանը և տեղեկացրեք (report it) TGA-ին (1300 134 237):

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Կառավարությունն օգտագործում է պատվաստանյութերի տարածումը որպես պատրվակ ձեր ԴՆԹ-ն հավաքելու/փոփոխելու համար:

ՓԱՍՏ. Պատվաստանյութերը ներարկվում են ձեր մարմն մեջ, դրանք ոչինչ չեն հեռացնում ձեր մարմնից և չեն փոխում ձեր ԴՆԹ-ն: COVID-19-ի նոր պատվաստանյութերից մի քանիսը օգտագործում են տեղափոխող ՌՆԹ-ի (mRNA) մի հատված՝ ձեր մարմնին հանձնարարելով կատարել իմունային պատասխան COVID-19-ի դեմ: Տեղափոխող ՌՆԹ-ն ոչինչ չի անում ձեր ԴՆԹ-ին:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Վիրուսն այնքան արագ է ժառանգափոխվում, որ պատվաստանյութը երբեք չի ազդի:

ՓԱՍՏ. Բոլոր վիրուսները ժառանգափոխվում են: Դա նրանց բնական զարգացման սովորական մասն է, և COVID-19-ը ոչնչով չի տարբերվում: Ապացույցների հիման վրա COVID-19 պատվաստանյութերը դեռ արդյունավետ կլինեն նոր տարատեսակների դեմ:

Դա կարող է նշանակել, որ մարդիկ խթանող ներարկումների կարիք կունենան կամ պետք է նորից պատվաստվեն, ինչպես գրիպի դեպքում: Ավստրալիայում ներկայումս report

օգտագործման համար հաստատված պատվաստանյութերը ցույց են տվել, որ դրանք շատ արդյունավետ են COVID-19 հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Մարդիկ, ովքեր ունեցել են COVID-19 և ապաքինվել են, կարիք չունեն պատվաստվելու:

ՓԱՍՏ. Պաշտպանությունը, որը որևէ մեկը ստանում է COVID-19-ով հիվանդանալուց հետո, տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Քանի որ այս վիրուսը նոր է, մենք չգիտենք, թե որքան կարող է տևել ցանկացած բնական իմունիտետ: Նույնիսկ եթե դուք արդեն ունեցել եք COVID-19, դուք դեռ պետք է ստանաք COVID-19 պատվաստանյութ, եթե կարող եք:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. COVID-19 պատվաստանյութը պարունակում է ծրագրակազմ/ միկրոչիպեր, որոնք օգտագործվում են հսկողության համար:

ՓԱՍՏ. COVID-19 պատվաստանյութերից ոչ մեկը չի պարունակում ծրագրակազմ կամ միկրոչիպեր:

COVID-19-ի մասին այլ ապատեղեկատվություն

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Երեխաները COVID-19-ի «գերտարածողներ» են:

ՓԱՍՏ. Չնայած երեխաները համարվում են մանրէների և բացիլների «գերտարածողներ», օրինակ՝ գրիպի դեպքում, COVID-19-ի ներկայիս ապացույցները ենթադրում են, որ դպրոցներում երեխայից երեխա փոխանցումը հազվադեպ է: Բացի այդ, աշխարհում ոչ մի տեղ չկան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այս վիրուսի հիմնական տարածում տեղի է ունեցել երեխաների մոտ: Չնայած դա հնարավոր է, ապացույցները ներկայումս ենթադրում են, որ երեխաները չեն հանդիսանում COVID-19 հարուցող վիրուսի գերտարածողներ:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Ավստրալիան չի կարող ձեռք բերել բավարար բժշկական սարքավորումներ և պարագաներ (օդափոխիչներ, դիմակներ, նմուշառման հավաքածուներ):

ՓԱՍՏ. Ավստրալիան շատ հաջողակ է եղել կորի հարթեցման հարցում, ինչը նշանակում է, որ մենք կանխեցինք մեր հիվանդանոցների վրա ճնշման ավելացումը:

Մենք ունենք շատ անհատական պաշտպանիչ միջոցներ, որոնք մատչելի են Ավստրալիայում, ավելի շատ արտադրվում է Ավստրալիայում և առաքվում Ավստրալիա ամբողջ ժամանակ: Օրինակ՝ Ազգային բժշկական պաշարները (National Medical Stockpile) շարունակում է լավ հագեցած մնալ և պատվիրել է ավելի քան կես միլիարդ դիմակ՝ աստիճանաբար առաքելու համար մինչև 2021 թվականը:

Ավստրալիայի կառավարության խորհրդատվական հանձնաժողովները, ներառյալ Ավստրալիայի վարակիչ հիվանդությունների ցանցը (Communicable Diseases Network Australia) և Հանրային առողջապահության լաբորատոր ցանցը (Public Health Laboratory Network), հաճախ են հանդիպում՝ վերագնահատելու COVID-19 թեստավորման պահանջների վերաբերյալ ցուցումները՝ ապահովելու համար, որ էական թեստավորումն անցկացվում է՝ աջակցելու մեր հանրային առողջապահության COVID-19 համավարակի արձագանքին:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Ավստրալիայի հիվանդանոցները չեն կարողանա հաղթահարել COVID-19-ի պատճառով ավելացված պահանջարկը:

ՓԱՍՏ. Ավստրալիան շատ հաջողակ է եղել կորի հարթեցման հարցում, ինչը նշանակում է, որ մենք կանխեցինք մեր հիվանդանոցների վրա ճնշման ավելացումը: Ավստրալիան ունի համաշխարհային կարգի առողջապահական համակարգ, որը լավ պատրաստված է անհրաժեշտության դեպքում COVID-19 համավարակի ընթացքում լրացուցիչ պահանջարկը բավարարելու համար: Սա ներառում է լրացուցիչ հիվանդանոցային մահճակալների, բժշկական սարքավորումների, պարագաների և բժշկական անձնակազմի կարողությունը Ավստրալիայի կառավարության, նահանգների և տարածքների կառավարությունների և մասնավոր առողջապահական հատվածի միջև համագործակցության միջոցով:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Երկշաբաթյա արգելափակումը կդադարեցնի COVID-19-ի տարածումը:

ՓԱՍՏ. Երկու կամ երեք շաբաթյա սահմանափակումներ կիրառելը, այնուհետև դրանք վերացնելը և մեր բնականոն կյանքին վերադառնալը չի դադարեցնի COVID-19-ի տարածումը:

COVID-19 ունեցող մարդկանց մեծամասնությունն ունի միայն թեթև ախտանիշներ կամ առանց ախտանիշների են: Միայն երկշաբաթյա արգելափակման վտանգն այն է, որ առանց ախտանիշների COVID-19-ով վարակված անձինք կարող են անգիտակցաբար այլ մարդկանց ենթարկել վիրուսին, երբ արգելափակումից հետո ամեն ինչ վերաբացվի:

COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու համար լավագույն միջոցը ձեռքերի և շնչառության պատշաճ հիգիենայի պահպանումն է, ֆիզիկական հեռավորության պահպանումը, տանը մնալը և թեստավորում անցնելը, եթե վատ եք զգում, և դիմակ կրելը, եթե գտնվում եք համայնքային փոխանցման տարածքում և ֆիզիկական հեռավորություն հնարավոր չէ պահպանել:

Առողջապահության ոլորտի մեր մասնագետները կշարունակեն վերահսկել ամեն օր նոր դեպքերի քանակը Ավստրալիայում և, թե որտեղ է փոխանցումը տեղի ունենում: Այնուհետև նրանք ապացույցների հիման վրա առաջարկություններ կներկայացնեն ցանկացած նոր կանոնների կամ սահմանափակումների վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն: Յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի ընթացիկ սահմանափակումների մասին՝ այցելելով www.australia.gov.au:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Բոլորին թեստավորելը կդադարեցնի կորոնավիրուսի տարածումը:

ՓԱՍՏ. Թեստավորումը չի դադարեցնում վիրուսի տարածումը:

COVID-19-ի կանխարգելման և վերահսկման հիմնարար սկզբունքներից մեկը ժամանակին, մասշտաբային և ճշգրիտ ախտորոշիչ թեստավորումն է: Ախտորոշիչ թեստավորումը կարևոր դեր ունի հիվանդության համաճարակաբանությունը որոշելու, դեպքերի և կապերի կառավարման մասին տեղեկացնելու և վերջապես, վիրուսային փոխանցումը նվազեցնելու գործում:

Սակայն COVID-19-ի նկատմամբ թեստի բացասական արդյունքը չի նշանակում, որ դուք վտանգի ենթակա չեք կամ վտանգ չեք ներկայացնի մյուսների համար: Դուք կարող եք COVID-19-ի թեստավորման բացասական արդյունք ունենալ SARS-CoV-2-ին (COVID-19 առաջացնող վիրուսը) ենթարկվելուց հետո, բայց նախքան ախտանիշներ զարգացնելը: Այդ պատճառով շատ կարևոր է պատշաճ հիգիենայի և ֆիզիկական հեռավորության պահպանումը և վատ զգալու դեպքում՝ տանը մնալը: Այս գործողությունները, նպատակային թեստավորման հետ միասին, օգնում են կանխել COVID-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների փոխանցումը՝ նվազեցնելով Ավստրալիայի առողջապահական համակարգի պահանջարկը:

Որևէ շրջանում աճող դեպքերի քանակի և բռնկումների հանրային առողջապահության հաջող կառավարումը պահանջում է, որ թեստավորումը պետք է մանրակրկիտորեն ուղղված լինի համաճարակային հսկողության պահպանման և լաբորատորիայի և թեստավորման վայրի կայունությունը պաշտպանելու միջև ճիշտ հավասարակշռությանը:

Ախտանիշներ չունեցող (առանց ախտանիշների) ավստրալիացիների լայնածավալ թեստավորումը չի խրախուսվում: Թեստավորման այս ռազմավարությունը ոչ համաճարակաբանորեն հիմնավորված է, ոչ էլ ծախսարդյունավետ մոտեցում է` հիվանդության փոխանցումը բացահայտելու համար: Ավստրալիայի կառավարությունը գիտակցում է, որ կարող է դեր ունենալ առանց ախտանիշների դեպքերի թեստավորումը հիվանդության վերահսկման և հսկողության նպատակների հատուկ իրավիճակներում: Այս իրավիճակները ներառում են բռնկման պայմանները, հիվանդության ցածր հաճախականության տարածքներում փոխանցման ավելի բարձր ռիսկ ունեցող բնակչության խմբերը, վարակման զգալիորեն բարձր ռիսկի տակ գտնվող բնակչության խմբերը և փոխանցման բարձր ռիսկի տակ գտնվողները, ովքեր նաև խոցելի են ծանր հիվանդությունների նկատմամբ՝ վարակվելու դեպքում:

Ավստրալիայի կառավարությունը շարունակում է առաջարկել, որ թեստավորման ռազմավարությունները, ներառյալ աշխատավայրում առանց ախտանիշների մարդկանց համար զննման ծրագրերը, մշակվեն` խորհրդակցելով համապատասխան առողջապահական մարմինների և լաբորատորիաների տնօրենների հետ: Սրա նպատակն է, որպեսզի ամենահամապատասխան և արդյունավետ մոտեցումները օգտագործվեն: Ավստրալիայի կառավարության դիրքորոշման մասին առանց ախտանիշների լայնածավալ թեստավորման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Առողջապահության նախարարության կայքը:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Նմուշառման հավաքածուները ճշգրիտ չեն:

ՓԱՍՏ. Ավստրալիայում COVID-19-ի թեստավորումները շատ ճշգրիտ են: Ավստրալիայում օգտագործվող թեստավորման բոլոր մեթոդները մանրակրկիտ ստուգման են ենթարկվել: Դրանք շարունակում են սերտորեն վերահսկվել Բուժական ապրանքների կառավարման (TGA) կողմից և որակի ապահովման ծրագրերին պարտադիր մասնակցության միջոցով, որոնք մշակվել են հատուկ SARS-CoV-2-ի (վիրուս, որն առաջացնում է COVID-19) համար:

Ավստրալիայում լաբորատոր հիմքով պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստավորումը (PCR) կարևորագույն ստանդարտ թեստն է, որն օգտագործվում է ձեր օրգանիզմում SARS-CoV-2 սուր վարակի ախտորոշման համար և պահանջվում է հավաքել շնչառական նմուշ՝ թեստավորում անցկացնելու համար: PCR թեստերը շատ զգայուն են և հայտնաբերում են ամենափոքր ժառանգական մասերը, որոնք հատուկ են SARS-CoV-2-ին շնչառական նմուշում:

Ավստրալիայի համար նոր թեստավորման ցանկացած տեխնոլոգիա պահանջում է շատ մանրազնին գնահատում TGA-ի կողմից` արդյունքների որակն ու հուսալիությունը ապահովելու և դրա օրինական մատակարարումը հնարավոր դարձնելու համար: Ավստրալիայի բուժական ապրանքների ռեգիստրում (Australian Register of Therapeutic Goods) ներառված COVID-19 թեստերի վերաբերյալ վերջին տեղեկատվության համար, այցելեք TGA-ի կայքը` www.tga.gov.au/covid-19-test-kits-included-artg-legal-supply-australia:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Կորոնավիրուսը խաբեություն է:

ՓԱՍՏ. COVID-19-ի պատճառը կորոնավիրուսն է (SARS-CoV-2), որը վիրուսների մեծ ընտանիքի մի մասն է, որը կարող է հանգեցնել շնչառական վարակների՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ: Այս վարակները կարող են տատանվել ընդհանուր մրսածությունից մինչև ավելի լուրջ հիվանդություններ: COVID-19-ը մարդկանց միջև տարածվում է կաթիլներով և աղտոտված մակերեսների միջոցով:

Ավստրալիայում Վիկտորիայի վարակիչ հիվանդությունների տեղեկատու լաբորատորիան (VIDRL) Peter Doherty անվան վարակի և իմունիտետի հարցերով ինստիտուտում Չինաստանից դուրս առաջին լաբորատորիան էր, որը մեկուսացրեց SARS-CoV-2-ը: VIDRL-ը մեկուսացված վիրուսը կիսեց Ավստրալիայի այլ լաբորատորիաների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ երկրների հետ՝ COVID-19-ի ախտորոշիչ թեստավորումների մշակման, հաստատման և ճշգրտման համար:

Ավստրալիային աջակցում է պետական և մասնավոր ախտաբանական լաբորատորիաների ցանցը, որոնք ունեն SARS-CoV-2-ը հայտնաբերելու և հաստատելու ունակություն և համապատասխան հավատարմագրում: Այս լաբորատորիաների ունակությունը՝ թեստավորման կարողությունը մեծացնելու համար, կարևոր նշանակություն է ունեցել Ավստրալիայի հաջողության համար՝ կորը հարթեցնելու և կասեցնելու վարակի կործանարար տեմպերը, որոնք դիտվել են այլ երկրներում: COVID-19-ով վարակված անձանց թվի և հիվանդությունից մահացության դեպքերի մասին տեղեկատվությունը հավաքվում է Ավստրալիայում և ամբողջ աշխարհում: Տվյալները ամեն օր հրապարակվում են Ավստրալիայի առողջապահության նախարարության կողմից:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Դիմակները անարդյունավետ են և (կամ) անապահով:

ՓԱՍՏ. Դիմակները, երբ օգտագործվում են այլ նախազգուշական միջոցների հետ համատեղ, ինչպիսիք են՝ պատշաճ հիգիենան, ֆիզիկական հեռավորությունը և տանը մնալը և թեստավորում անցնելը՝ վատ զգալու դեպքում, օգնում են դանդաղեցնել COVID-19-ի տարածումը:

Շնչառական վիրուսների մեծամասնության նման, SARS-CoV-2-ը (COVID-19 առաջացնող վիրուսը) հիմնականում տարածվում է վիրուս պարունակող կաթիլներով, որոնք առաջանում են վարակված անձի խոսելու, հազի կամ փռշտոցի ժամանակ: Տարածումը կարող է առաջանալ նաև աղտոտված մակերեսների միջոցով: Դիմակ կարող է օգտագործվել շնչառական վիրուսային վարակ ունեցող անձի կողմից, ներառյալ COVID-19-ի ախտանիշներով կամ առանց ախտանիշների դեպքում, որպեսզի պաշտպանեն մյուսներին` վարակված շնչառական կաթիլների տարածումը նվազեցնելու միջոցով: Դիմակներ օգտագործում են առողջապահության և խնամքի աշխատակիցները՝ իրենց պաշտպանելու համար, երբ նրանք ի վիճակի չեն պահպանել ֆիզիկական հեռավորությունը շնչառական վարակ ունեցող անձից՝ ներառյալ COVID-19:

Դիմակ կրելը COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու միայն մեկ քայլն է և չի փոխարինում այլ նախազգուշական միջոցներին: Կարևոր է շարունակել ձեռքերի և շնչառության պատշաճ հիգիենան, ֆիզիկական հեռավորության պահպանումը և տանը մնալն ու թեստավորում անցնելը, եթե վատառողջ եք:

Ոչ մի ապացույց չկա, որ դիմակ կրելը վտանգ ունի կամ հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են թթվածնի պակասը: Առողջապահական ծառայություններ մատուցողները երկար տարիներ երկար ժամանակով դիմակներ են կրել՝ առանց այդ խնդիրների:

 

Պարբերաբար այցելեք այս կայքը՝ տեղեկացված լինելու համար COVID-19-ին Ավստրալիայի կառավարության արձագանքի հիմնական զարգացումների մասին:

SBS-ը նույնպես ունի մի շարք տեղեկատվություն COVID-19-ի վերաբերյալ ձեր լեզվով: Կառավարության տեղեկատվությունը թարգմանելու համար կարող եք նաև օգտագործել շարժական հեռախոսի հավելվածներ և զննարկչի ընդլայնումներ: Որոնեք այն, որը համապատասխանում է ձեր պահանջներին:

Անգլերեն լեզվով լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք՝ www.australia.gov.au